Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԳՄ-ում բացվել է բանավեճի ակումբ

ՀԳՄ-ում բացվել է բանավեճի ակումբ
07.03.2014 | 12:15

Գրողների միությունում երեկվանից գործում է բանավեճի ակումբը, որը ղեկավարում է միության քարտուղար, գրականագետ ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Նրա խոսքով` նպատակը գրական կյանքի աշխուժացումն է, քանի որ թյուր պատկերացում կա, թե գրական կյանքը մեռած է, գրականություն չկա: Խոսելու են գրական խնդիրների մասին՝ գրական շահից ելնելով: Չեն լինելու վեճ ու կռիվ, սկանդալ, անձնական վիրավորանքներ: Քննարկումները գուցե շարունակություն ունենան, հանրայնացվեն, համագումարներ հրավիրվեն: «Ակումբում ամեն մեկը կկարողանա իր կարծիքն արտահայտել հաստատ ու լրիվ,- ընդգծեց Պետրոս Դեմիրճյանը:- Ոչ ոք խոսքդ չի ընդհատի, ինչպես լինում է հեռուստատեսային հաղորդումներում: Դրանք ընդամենը շոու են»:
ՀԳՄ քարտուղարն ասաց նաև, որ կան գրողին ու նրա գրականությունը տպագիր և էլեկտրոնային մամուլում, եթերում ներկայացնելու հստակ ծրագրեր: Մարդիկ պիտի տեսնեն գրողին, ճանաչեն, որ հետաքրքրվեն նաև նրա գրականությամբ:
Նկատեցի, որ այսօր մեր գրողներից շատերը ծանոթ են հանրությանը, անգամ կարելի է հանդիպել նրանց նկարներով ցուցատախտակների, ինչը նորություն է մեր քաղաքի համար: Զրուցակիցս ասաց, որ ներկայացված են հիմնականում երիտասարդ գրողները` մեծադիր նկարներով, իմաստուն խոսքերով. «Դրանք բոլորը քննարկման հարցեր են, որոնք երևի մեր բանավեճի ակումբում էլ կբարձրացվեն: Այլ բան է, երբ դասական արժեքներ ենք ցուցադրում: Արձանը, նկարը գնահատություն է, երբ զարդարում են փողոցներն ու այգիները, նշանակում է` ճանաչված և ընդունված արժեք է: Պետք է չափանիշների խնդիր դրվի: Չեմ ասում օրենքով սահմանենք, բայց գրողների միությունը պետք է այդ խնդիրն իր հսկողության տակ վերցնի»:
Բոլորովին վերջերս ՀԳՄ-ում բացվեց շախմատի ակումբ, գրողների տանը կից կգործի սրճարան-ակումբը: Հետաքրքվեցի` այս ամենը արվում է միության գործելաոճը նորացնելո՞ւ համար. գաղտնիք չէ, որ ստեղծագործական միությունները համարվում են հնացած կառույցներ: Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ համամիտ չէ, հիշատակեց նաև Թումանյանի խոսքերը՝ հայտարարում են, որ մենք թատրոն չունենք, ո՞վ է ասում, որ թատրոն չունենք, մենք թատրոնի շենք չունենք: «Մարդիկ են կառույցին բովանդակություն տալիս: Ոչ թե կառույցն է հնացած լինում, այլ մարդիկ: Դեմ չենք նաև կառուցվածքային փոփոխություններին, թող առաջարկեն, բանավեճի ակումբում էլ կքննարկենք, բայց պիտի հիմնավորեն: Պիտի մտածենք, ոչ թե միայն` ինչպես քանդենք, այլ ինչպես կառուցենք»,- եզրահանգեց ՀԳՄ քարտուղարը:
Երբ ոչինչ չի արվում, խոսում ենք, երբ ինչ-որ բան է արվում, դարձյալ քննադատության, քննարկման առիթ է դառնում: Անդրադառնալով մեր այս դիտարկմանը՝ ՀԳՄ քարտուղարն ասաց. «Է, բոլորն էլ թող խոսեմ: Մի հաղորդում կա` «Թող խոսեն»: Ես կողմ եմ, որ լինի խոսքի ազատություն, բայց ոչ` անարխիա»:
Բանավեճի ակումբի բացմանը հրավիրված էին ավագ ու երիտասարդ սերնդի գրողները: Գերակշռում էին ավագները: Ներկա էին Ռուբեն Հովսեփյանը, Դավիթ Մուրադյանը, Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը, Սուսաննա Հարությունյանը, այլ գրողներ: Ի լրումն ասենք, որ այս տարի լրանում է գրողների միության 80-ամյակը, որի շրջանակում ամռանը Ծաղկաձորում կանցկացվի սփյուռքահայ, օտարագիր և հայագիր գրողների համատեղ համաժողով: Նախատեսվում են նաև այլ միջոցառումներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ